Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ հագեցած եւ հետաքրքիր է որակել Չինաստան իր պաշտոնական այցի ծրագիրն այսօր` սեպտեմբերի 21-ին, «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նախ կարեւորել է Չինաստանի առաջին փոխվարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՉԺՀ կատարած մայիսյան այցի ընթացքում շահագործվել է առաջին խոշոր համատեղ «Շանսի-Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի ձեռնարկությունը։ Խոշորագույն այս ձեռնարկությունը ստեղծվել է հայկական տեխնոլոգիաներով եւ այս անգամ քննարկվել են համատեղ գործունեության նոր ծրագրեր։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը կարեւորել է նաեւ ՉԺՀ ԱԳ փոխնախարար Վան Գուան Գիայի, Շանհայի քաղաքապետ Հան Ժենհայի, «Ազգային աուդիտ» գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յինի հետ ունեցած հանդիպումները, որոնք, նրա գնահատմամբ նոր ազդակ կհաղորդեն հայ-չինական երկկողմ հարաբերություններին, ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են լրացվել կոնկրետ նախագծերով։
Անդրադառնալով ցուցահանդեսից ակնկալվող կոնկրետ արդյունքներին, Տ. Սարգսյանը նշել է, որ «Շանհայ Էքսպո-2010»-ի հաջողությունները չափելի են։ Երկու միլիոնից ավելի մարդ է այցելել հայկական տաղավար, ինչը բավականին լուրջ նվաճում է համարել։
Ինչ վերաբերում է Չինաստանի հնարավոր մասնակցությանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը` ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ առաջարկները ներկայացված են չինական գործընկերներին, եւ այժմ դրանք գտնվում են գործնական քննարկման փուլում։ Նա նշել է նաեւ, որ չինական կողմի հետ քննարկվել է նաեւ արագացուցչի հետ կապված համատեղ գործունեության հնարավորությունները։
Թե որքանո՞վ է «Աշխարհի քաղաք» հայկական նախագծի իրականացման հնարավորությունը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ցանկացած մեծ նախագիծ սկսում Է երազանքից։ «Եթե մենք ուզում ենք ունենալ մեծ հաջողություններ, չպետք է վախենալ երազելուց։ Այսօր մենք ականատեսն ենք, թե ինչպես է Շանհայը աճելով դարձել աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը, որի հիմնադիրները եւս ժամանակին ունեցել են երազանք։ Ես համոզված եմ, որ եթե Հայաստանում լինեն մարդիկ, որոնք կարողանում են անկեղծորեն հավատալ նոր գաղափարներին, որոնք երազել են այսպիսի «Աշխարհի քաղաք» կառուցելու մասին, ապա այն անպայման կկառուցվի»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետը հայկական տաղավարում մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված` «Հայփոստ»-ի թողարկած նոր նամականիշի մարմանը, ներկայացվել է նաեւ «Շանհայ էքսպո-2010»-ում հայկական տաղավարին նվիրված նամականիշը։
ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է նաեւ Արգենտինայի եւ Անգլիայի տաղավարներ, ներկա գտնվել Ազգային օրվան նվիրված Եվրոպայի հրապարակում կազմակերպված եզրափակիչ համերգին` հայ կատարողների մասնակցությամբ։
Սեպտեմբերի 22-ին եւ 23-ին ՀՀ վարչապետի այցը շարունակվելու է։





























