ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համարում է անհեթեթություն է համարում ուռճացված ընտրացուցակները Վրաստանում գործող մեթոդով մաքրելու ՀԱԿ առաջարկը:
«ՀԱԿ-ն անհեթեթություն է առաջարկում, ի՞նչ է նշանակում` հերթով տները շրջել ու մաքրել ցուցակները»,-NEWS.am-ի հետ զրույցում նշել է Վահրամ Բաղդասարյանը:
«Ի՞նչ է, գզիրություն պիտի անենք, ընկնենք տները: Կարող է մեկի եղբայրը գնացել է Ռուսաստան, վեց ամիս հետո վերադառնում է: Իմ ընտրությունների ժամանակ, երբ ես առաջադրվել էի մեծամասնական պատգամավոր, 2-3 հարյուր ընկեր, որ մի քանի տարի չէին եղել Հայաստանում, հատուկ այդ օրը գալիս էին` մասնակցելու ընտրությանը: Ո՞ւմ կարող ես զրկել ընտրական իրավունքից»:,-նշել է նա:
Ըստ Բաղդասարյանի` նույնականացման քարտի ներդրումը այդ խնդիրը լուծում է: «Մի կարեւոր խնդիր արդեն լուծվել է, որ մահացածների մահվան վկայականը տալուց անմիջապես հետո միանգամից պետռեգիստրից հանվում է գրանցումը, իսկ մարդկանց այն մասը, որ Հայաստանում չէ, պատկերացրեք` ոնց պիտի դա լինի, երբ 2005 թվականից գործում է երկքաղաքացիություն: Հայաստանի անձնագրով գնացել է, Ռուսաստանի անձնագրով մուտք գործել, ինչպես պետք է վերահսկես, աբսուրդ է, չէ՞»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոստովանեց, որ ինքը մանրամասնությամբ չի էլ ուսումնասիրել` ինչպես են Վրաստանում մաքրում ընտրացուցակները: «Վրաստանում խայտառակ ընտրություններ են, բոլորը դժգոհում էին, մատնահետքի թանաքոտելու հետ կապված խայտառակ պատմություն եղավ: Ցուցակները մաքրելը 2012-ից է սկսվել ու դրանից հետո գոհ են լինում, բայց ուրիշ բան է, որ հանրային ընկալում կա, որ ավելի վատ կարող է լինել» ,-ասաց Բաղդասարյանը:
Նշենք, որ ընտրացուցակները մաքրելու վրաստանյան մոդելը ենթադրում է տուն առ տուն շրջել եւ արձանագրել երկրում փաստացի բնակվողների եւ արտասահմանում գտնվողների իրական պատկերը, ապա կազմել երկու ցուցակ: Առաջին ցուցակում պետք է լինեն երկրում փաստացի բնակվողները, երկրորդում՝ երկրից բացակայողները: Սակայն երկրորդ ցուցակում ընդգրկվածները նույնպես քվեարկելու իրավունք ունեն:




























