Թեեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իր կուսակիցներով բավականին բովանդակալից տոնում է անակախության տոնը հենց այսօր՝ սեպտեմբերի 21-ին, սակայն համաձայն չէ օրվա ընտրության հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բավականին կոպիտ գնահատականներ է հնչեցրել «անկախության օրը խեղողների» հասցեին:
Այսօր անկախության օրը չէ, այսօր հայ ժողովրդի ինքնորոշման օրն է:
Անկախության օրը մայիսի 28-ն է: Մի խումբ անշնորհք մարդիկ, որոնք ոչ պատմության հետ կապ ունեն, ոչ էլ ծնողների նկատմամբ` հարգանք, որոշեցին խեղել մեր մտածողությունը եւ մայիսի 28-ը կոչեցին հանրապետության օր: Իսկ եթե մայիսի 28-ը հանրապետության օր է, նշանակում է հանրապետությունն անկախ է, եթե անկախ է, ուրեմն անկախության օրը ավելի վաղ պետք է լինի, չես կարող լինել հանրապետություն եւ անկախ չլինել:
Այնպես որ, սա բավական լուրջ դավադրություն է հայ ազգի նկատմամբ, պատմական ճշմարտությունն այն է, որ այս օրը հայ ժողովուրդն «այո» ասաց արդեն որոշված անկախության գաղափարին: Սա կարեւոր բան է: Եւ եթե ուզում եք այս օրը գնահատել, պետք է խորապես գնահատել այս օրվան բերող գործերը, շարքը, այն ծառը, որը մեզ հասցրեց անկախության: Եթե ծառը չես գնահատում ու ընդամենը պտուղն ես գնահատում, ուրեմն ըստ արժանվույն չես գնահատում այդ պտղի առաջացման ճանապարհը, կայացման խորհուրդը:
Իսկ ովքե՞ր են Ձեր նշած դավադիրները:
Նախեւառաջ նրանք, ովքեր անկախությանը դեմ էին, իսկ անկախությանը դեմ էր Հայաստանի առաջին իշխանության հիմնական կազմն ամբողջությամբ: Նրանք վերջում մեր՝ հասարակական ճնշման պայմաններում դարձան անկախական, թէ չէ նրանք ընդամենը գոռում էին «Լենին, պարտիա, Գորբաչով»: Նրանք ասում էին «Ղարաբաղ», սակայն հարցն անգամ հարթակ չէին հանում, այնպես որ դուք էլ լավ գիտեք ՝ ովքեր էին:
Պարոն Հայրիկյան, օրվա փոփոխությամբ՝ բովանդակային առումով ինչ-որ բա՞ն ենք կորցրել:
Եթե աստված ուզում է մեկին պատժել, նախեւառաջ նրա ուղեղին է խփում, չէ՞, գիտակցությունն է մեռնում: Եթե խեղում են մեր ազգային ինքնագիտակցությունը, դրանից ավելի ծանր ի՞նչ հարված կարող է լինել: Դա կարող է առաջին հայացքից մանրուք թվալ, բայց եթե կարդում ես 3-րդ հանրապետություն, ինչի՞ են, կներեք, էդ պոռնկությունը ասում, ինչ է, երկրորդ հանրապետությունից հանրաքվե արեցինք, որ դառնանք երրորդ հանրապետություն: Մենք Կոմունիստական կայսրության դեմ հանրաքվե արեցինք, որի արդյունքում ոչ թե 3-րդ հանրապետություն ստացանք, այլ անկախ Հայաստան: Նրանք, ովքեր ասում են «երրորդ հանրապետություն», նույն ծախու արարածներն են: Երրորդ հանրապետություն կոչեցին սա, որ արդարացնեն իրենց բոլշեւիկ պապերի հանցագործ անցյալը, որպեսզի նախապատրաստեն 4-րդ հանրապետությունը` երկրորդի նման:
Դուք ինչպե՞ս եք գնահատում մեր անկախությունը:
Անկախությունն այնպիսի ձեռքբերում է, որ նրա համեմատությամբ մյուս կորուստները մանրուք են, ինչ վերաբերում է, թե անկախության որ աստիճանի վրա ենք մենք, ցանկացած պետության դեպքում այս հարցը կարելի է տալ: Մենք կատարյալ անկախ չենք կարող լինել, բայց այսօրվա պայմաններում շատ բաներ կարող էինք անել հատկապես ազգային ռազմավարության հարցերում, բայց չարեցինք: Օրինակ, ազգային ռազմավարություն չենք որդեգրել ցեղասպանության հետեւանքները վերացնելու ուղղությամբ, մինչդեռ դա պետք է լիներ մեր մեծագույն առաքելությունը, քանի որ միջազգային իրավունքը այդ հնարավորությունը մեզ տալիս է:




























