Porsche ընկերության ղեկավարությունը որոշել է իր աշխատակիցներին 8911 եվրոյի չափով պարգեւավճար տրամադրել՝ տարվա արդյունքներով ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային ցուցանիշ արձանագրելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:

Ընկերությունում հայտարարել են, որ 2015 թվականն ապրանքանիշի պատմության մեջ ամենահաջող տարին էր. ընկերությունն առաջին անգամ կարողացել է մեկ տարվա ընթացքում ավելի քան 200 հազար մեքենա իրացնել:

Խոշորագույն շուկան շարունակում է մնալ Եվրոպան, երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդ տեղում՝ ԱՄՆ-ն:

Անցյալ տարի գերմանական ապրանքանիշի դիլերներն ամբողջ աշխարհում 225.121 ավտոմեքենա են վաճառել, ինչը 19%-ով ավելի է նախորդող տարվա ցուցանիշից: Ընկերության տարեկան եկամուտն ու զուտ եկամուտն աճել է 25%-ով՝ հասնելով, համապատասխանաբար, 21.2 մլրդ եւ 3.4 մլրդ եվրոյի:

Ըստ Gazeta-ի, անցյալ տարի Porsche ընկերությունն աշխատակիցներին լրացուցիչ 8600 եվրո է վճարել, 2014-ին ամենամյա պարգեւավճարի չափը կազմել է 8.200 եվրո: