Հայաստանում քաղաքաշինական վերահսկողությունը պետք համապատասխանեցվի միջազգային չափանիշներին: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Քաղաքաշինության նախարարությունում քաղաքաշինական վերահսկողության միջազգային փորձը թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է նախարար Նարեկ Սարգսյանը:

Քղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի  խորհրդականը  բնագավառի մասնագետներին է ներկայացրել մասնավորաբար ԱՄՆ-ում կիրառվող փորձը  եւ հարեւան ԻԻՀ-ում կիրառվող  քաղաքաշինական վերահսկողության  ողջ փաթեթը՝ գոյություն ունեցող  մեխանիզմների եւ մեթոդների համատեքստում:

Խորհրդակցության ընթացքում ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում նախարարն առաջարկել է նախարարության քաղաքաշինական տեսչության մասնագետներին՝    ներկայացնել տեղեկանք-հիմնավորում՝ քաղաքաշինական վերահսկողության ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով, ինչը հնարավորություն կտա գործառույթն իրականացնել առավել արդյունավետ՝ գործնականում նպաստելով  ինքնակամ ձեւախեղումներից կառույցներն ապահովագրելուն եւ դրանք ավելի անվտանգ դարձնելուն: