Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Երեւան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Քաղաքը եւ միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում:

Հարմարավետ, կանաչ եւ նորարարական մոտեցումներով «խելացի» քաղաքի ձեւաչափը ներկայացնող ցուցադրությունում  ներառվել է Լիոնի, Նիցայի, Մարսելի եւ Փարիզի 16 լուսանկար: Ցուցադրվել է նաեւ Երեւանը 3D ձեւաչափով ներկայացվող «Լոկատոր» ընկերության տեսաֆիլմը: Առանձին ցուցադրության է դրվել Երեւանի «Բյուրեղյա քաղաք» մանրակերտը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, դեսպաններ եւ այլ հյուրեր:

Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը, ընդգծելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ֆրանսիական քաղաքների հետ առկա համագործակցությունը, կարեւորել է դրանց ընդլայնումը եւ, որպես հերթական քայլ,  մատնանշել ցուցահանդեսի կազմակերպումը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին համատեղ հետաքրքիր նախագծերի շուրջ համագործակցության պատրաստակամության համար, նշել է, որ ամենամյա միջոցառումների ընթացքում իրենք փորձում են ներկայացնել այն նախագծերը, որոնք կհետաքրքրեն Երեւանին եւ հնարավորություն կտան ընդլայնել գործակցության ուղղությունները: