Այսօր` սեպտեմբերի 21-ի երեկոյան Սարյանի արձանի պուրակում Հայ ազգային կոնգրեսը տոնել է Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձը: Տոնակատարությանը ներկա են եղել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Կոնգրեսի բազմաթիվ անդամներ ու համակիրներ: Ելույթ են ունեցել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, դերասան Երվանդ Մանարյանը եւ այլք:

Իր խոսքում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ այն 2 միլիոն մարդիկ, ովքեր 1991-ին այո ասացին անկախությանը, այսօր պարտավոր է տեր կանգնել այդ անկախությանը, քանի որ դրանով իրականանում է տասնյակ սերունդների երազանքը:

Սիրված դերասան Երվանդ Մանարյանն էլ նշել է. «Անկախությունն այն է, ինչ Աստված տվել է մեզ: Մենք պետք է դրա արժեքը իմանանք եւ կարողանանք պահպանել: Եթե չենք կարողանում պահպանել, մենք արժանի չենք նրա բարեգութ վերաբերմունքին: Մենք ենք, որ մեր հաջորդ սերնդին պետք է ասենք, որ այն առաջիններն էինք, ովքեր հավաքվեցին եւ միմյանց շնորհավորեցին անկախության կապակցությամբ: Սա կարեւոր երեւույթ է»: Նա հույս է հայտնել, որ սա կլինի վերջին Անկախության տոնը, երբ մենք կդիմավորենք քաղբանտարկյալների առկայությամբ:
ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը հավաքվածներին կոչ է արել չվհատվել ու վստահություն հայտնել, որ իրենց «պայքարն ավարտվելու է հաղթանակով»:

Ելույթ ունեցողները շեշտում էին, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների կողմից երկրում բռնատիրական կարգեր են հաստատվել եւ երկիրը նահանջ է ապրել անկախությունից: Նրանք քաղբանտարկյալներին մաղթել են շուտափույթ ազատություն եւ բարի վերադարձ:
Ի դեպ, այսօրվա միջոցառման ընթացքում Կոնգրեսի համակիրները քաղցրավենիք են բաժանել միջոցառման մասնակիցներին, ինչպես նաեւ պատահական անցորդների:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի