Մեր երկիրն ապահովության առումով առաջատար դիրքերում է եւ դրա հետ կապված այս տարվա ընթացքում նախատեսվում է զբոսաշրջիկների թվի ավելացում: Այս մասին այսօր` մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Armenia Travel Plus» տուրիստական գործակալության գլխավոր տնօրեն Հայկ Գրիգորյանը:
«Ի տարբերություն անցած տարվա, այս տարի զբոսաշրջության ոլորտում ակտիվություն է նկատվում: Ռուս եւ եվրոպացի զբոսաշրջիկները ապրիլից սկսած են մուտք գործում մեր երկիր եւ դա շարունակվում է մինչեւ հոկտեմբեր»,-ասաց նա:
Հայկ Գրիգորյանի խոսքով, ռուս զբոսաշրջիկների ակտիվությունը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամաբ կիրառվող սահմանափակումներով, նրանք չեն կարողանում գնալ Եվրոպա եւ այցելու են Հայաստան: Ըստ նրա` այս առումով Հայաստանն հայտնվել է շահեկան դիրքում:
«Բացի ռուս զբոսաշրջիկներից, Հայաստան են գալիս նաեւ եվրոպացիները, եվրոպացի զբոսաշրջիկներին գրավում եւ Հայաստանի պատմությունն ու մշակույթը: Հիմանակնում 40-ից բարձր տարիքի եվրոպացի զբոսաշրջիկներն են գալիս Հայաստան»,-ասաց նա:




























