2016 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ դրսեւորվող մեծ հետաքրքրությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ, իր ուղերձում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նաեւ նշել է.
«Այս տարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում կանցկացվեն շուրջ 600 մշակութային, կրթական եւ համալսարանական միջոցառումներ: Սա, հիրավի, բացառիկ ցուցանիշ է, որ երբեւէ գրանցվել է տարիներ ի վեր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ կազմակերպվող տոնակատարությունների շարքում:
Հայաստանը կարող է հպարտ լինել Ֆրանկոֆոնիայի ջահը բարձր պահելու համար, ինչը, թերեւս, Ֆրանկոֆոնիային, դրա մշակութային եւ լեզվական բազմազանության, հանդուրժողականության, միասնականության եւ փոխըմբռնման արժեքներին Հայաստանի նվիրվածության վկայությունն է:
Հարկ է ընդգծել, որ այս խանդավառությամբ առաջին հերթին ոգեշնչված են երիտասարդները: Հատկապես ողջունելի է, որ ֆրանկոֆոն մշակույթին նվիրված միջոցառումների զգալի մասն անցկացվելու է 200-ից ավելի հիմնական եւ ավագ, արվեստի եւ երաժշտական դպրոցներում, համալսարաններում:
Ֆրանկոֆոն այս մեծ իրադարձությունը, հաջորդելով այն դրական արձագանքին ու հաջողությանը, որը գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանի եւ կազմակերպության շուրջ 80 անդամ եւ դիտորդ երկրների նախարարների եւ պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ գրանցեց Երեւանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը, Ֆրանկոֆոնիան իր բոլոր կողմերով ճանաչելի դարձնելու Հայաստանի ցանկության եւս մեկ դրսեւորումն է:
Ազդարարելով ֆրանկոֆոն երկամսյակի մեկնարկը՝ կցանկանայի իմ շնորհակալական խոսքը հղել ՀՀ պետական կառույցներին, Հայաստանում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ երկրների դեսպանություններին եւ ֆրանկոֆոն հաստատություններին, որոնք իրենց կարեւոր ներդրումն են ունեցել Հայաստանում 2016 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կազմակերպման գործում:
Մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարեւոր մշակութային իրադարձությանը»:





























