Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովն այսօր՝ մարտի 18-ին կայացած հանդիպանը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացումն ու խորացումը, որի ուղղություններից մեկն էլ արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հաղթահարման բնագավառում համագործակցության ընդլայնումն է:
Հովիկ Աբրահամյանը ռուսաստանցի պաշտոնյային շնորհավորել է երկու երկրների փրկարար ծառայությունների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգեւատրվելու առիթով եւ բարձր գնահատել նրա ներդրումը նաեւ Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման գործում:
Վարչապետը ողջունել է այսօր Հայաստանի Կոտայքի մարզում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի բացումը եւ վստահություն հայտնել, որ այն արդյունավետ գործունեություն կծավալի:
Վլադիմիր Պուչկովը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգեւատրվելը: Նա նույնպես կարեւորել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի բացումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի այդ ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության որակապես նոր մակարդակի բարձրացմանը եւ համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԻ նախարարությունների փոխգործակցության կապակցությամբ եւ կարեւորել ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության բնագավառում դրա զարգացումն ու խորացումը:

































