Մոսկվայի տարեց բնակչուհին կուլ է տվել զմրուխտը, որպեսզի իր մահից հետո այն բաժին չհասնի ազգականներին:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ, որդու, հարսի եւ երկու թոռների հետ ապրող 87-ամյա թոշակառու կինը վերջին շրջանում հարազատներին մեղադրել է իր հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Իր ունեցած միակ արժեքավոր իրը զմրուխտն է եղել (1.2x0.8 սմ): Կինը հարազատներին սպառնացել է մահից հետո նրանց առանց քարի թողնել: Բայց երբ թոռներից մեկը հայտարարել է, որ նրա մահից հետո քարը, միեւնույն է, ընտանիքում է մնալու, տարեց կինը ծայրահեղ քայլի է դիմել:
Մարտի 12-ին նա կուլ է տվել քարն ու պառկել անկողնում՝ կյանքից հեռանալու համար: Այնուհետեւ իր արարքի եւ հանգիստ մեռնելու ցանկության մասին պատմել է հարսին:
Արդյունքում կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները համոզել են, որ քարը կարող է տանջալից մահվան պատճառ դառնալ: Դրանից հետո կինը համաձայնել է օրգանիզմից դուրս բերել թանկարժեք քարը:





























