ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանը դեպքից մի քանի ժամ առաջ է խոսել մոր հետ, նրան խնդրել է լիցքավորել հեռախոսը: Այս մասին այսօր` մարտի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսի հարազատներից տիկին Անահիտը` նշելով, որ նա բանակում ոչ մի խնդիր չի ունեցել, ոչնչից չի բողոքել. «Մորը զանգել էր, խնդրել, որ լիցքավորի հեռախոսը, շատ լավ է եղել, մի քանի ժամից հետո էդ դեպքն ա պատահել»:
Տիկին Անահիտի խոսքով, Հովհաննեսը 7 ամիս առաջ էր զորակոչվել բանակ, իսկ մեկ ամիս առաջ էլ բանակից արձակուրդ եկել, տեսել ընտանիքի անդամներին:
«Մեկ ամիս առաջ էր եկել արձակուրդ, լավ էր տրամադրությունը, շատ լավ ծառայում էր, ե՛ւ ինքն էր գոհ, ե՛ւ իրենից էին գոհ»,- պատմեց նա:
Տիկին Անահիտի խոսքով, դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսն ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, սակայն ուսումը ստիպված կիսատ է թողել՝ ծանր պայմաններում ապրող ընտանիքին օգնելու համար:
«Շատ վատ պայմաններում են ապրում, փոքր ժամանակից չարքաշ կյանքով ապրած տղա էր: Երբ մի 10 տարի առաջ եկան, անասուններ էին պահում, հետո կողքից հարեւանների անասուններն էր տանում արածեցնելու, որ գումարը մի քիչ շատ լինի: Կարծես տան ամբողջ հոսքն իր ուսերին էր, հա՛մ ծառեր էին մշակում, հա՛մ անասուն էին պահում, Կարբիի ձորում էր աշխատում որպես բանվոր: Իրանք տուն չունեն, էստեղ ապրում են մի փոքր տարածքում, որտեղ անասուններ են խնամում` ֆերմայում»,- ասաց նա:
Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ուներ, ինքն ընտանիքի երրորդ երեխան էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, բնակվում էին Աշտարակի Մուղնի թաղամասում, զբաղվում անասնապահությամբ:
Նշենք, որ Հովհաննեսը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել է Աշտարակ:
Զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:





























