ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը (մարտի 21) նշվելու է բացառիկ ընդգրկմամբ։

Մշակույթի նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ կլինեն հանրային ընթերցումներ, ֆլեշմոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ եւ այլ միջոցառումներ կիրականացվեն Երեւանի եւ մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների տարածքում, հանրակրթական, հատուկ եւ գիշերօթիկ դպրոցներում, ակումբներում, Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում եւ պարզապես` քաղաքի պուրակներում ու փողոցներում:

 Ծրագրերին  կմասնակցեն եւ այդ օրը պոեզիա կընթերցեն ժամանակակից գրողներ, գրականագետներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ: Հնարավորություն կունենանք լսել դասական, համաշխարհային եւ հատկապես` ժամանակակից պոեզիա, քանի որ, Պոեզիայի համաշխարհային օրվա նպատակը արդի գրականության ձայնը լսելի դարձնելն է:

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա` տարածվել աշխարհով մեկ: