Դոնի Ռոստովում Boeing օդանավի աղետի վայրում օդերեւութաբանները հազվագյուտ բնական երեւույթ են արձանագրել՝ «շիթային հոսք»: Այդ հատվածում քամու արագությունը անցել է 30 մ/վայրկյանից: Այս մասին РБК-ն պատմել է եղանակի ՖՈԲՈՍ կենտրոնի ավագ մասնագետ Եվգենի Տիշկովեցը:

Նրա խոսքով, աղետի պահին Դոնի Ռոստովը եղել է ատլանտյան ցիկլոնի ազդեցության տակ, միաժամանակ ամպամածության ստորին մասը եղել է 300-600 մետր բարձրության վրա: Քամու արագությունը ողջ գիշեր եղել է 12-14 մետր/վայրկյան, որը երբեմն հասել է 18-19 մետր վայրկյանի:
Սակայն, ըստ Տիշկովեցի, արդեն 600 մետր բարձրության վրա եւ մինչեւ 10 հազար մետր արձանագրվել է բավական հազվադեպ հանդիպով բնական երեւույթ, որը կոչվում է «շիթային հոսք», երբ քամու արագությունը անցնում է 100կմ/ժամից:

«Բնության մեջ հանդիպում է մինչեւ 900 կմ/ժամ արագության քամի: Այս դեպքում քամու արագությունը 600 մետր բարձրության վրա 104 կմ/ժամից հասել է 162կմ/ժամի՝ 5-7 հազար մետր բարձրության վրա»,-ասել է նա՝ հավելելով, որ 104 կմ/ժամ արագությունը փոթորկի արագություն է: «Իհարկե, դա կարող էր ազդել թռիչքի դինամիկայի վրա»,-ընդգծել է մասնագետը: