Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Արայիկ Սարդարյանը, ով հայտարարել էր, որ Ծաղկահովիտում Կառավարության միջոցներով վերանորոգված 4 հարկանի բնակելի շենքի 40 բնակարաններից 13-ը բնակիչներին հատկացվել են ապօրինի, դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` նրանց ընտանիքներն ուսումնասիրելու եւ կոռուպցիան բացահայտելու համար:
«Շենքի 40 բնակարաններից 10-ը պետք է հատկացվեին 1988-ի երկրաշարժից տուժած, 30-ը` սոցիալապես անապահով ընտանիքներին, բայց բնակարան ստացած 13 ընտանիք այդ կատեգորիային չի համապատասխանում»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արայիկ Սարդարյանն ու հավելեց. «Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, որ լրացուցիչ քննություն նշանակեն, ուսումնասիրեն այդ ընտանիքները եւ բացահայտեն կոռուպցիան»:
Նրա խոսքով` մինչ այս էլ` փետրվարի սկզբին, դիմել է գլխավոր դատախազություն, որը հանձնարարել է Արագածոտնի մարզային դատախազությանը` զբաղվել գործի ուսումնասիրությամբ: Մարզային դատախազության կողմից տրված պատասխանը, սակայն, Արայիկ Սարդարյանին չի գոհացրել:
«Ինձ կանչեցին, ասացին, որ հարցում են արել մարզպետարան: Հիմք ընդունելով մարզպետի պատասխանը, որ «Արայիկ Սարդարյանին բնակարան չի հասնում, դրա համար էլ բնակարան չի հատկացվել», ինձ պատասխանեցին` որ հանցանքը բացակայում է: Լավ, ինձ բնակարան չի հասնում, բայց ես դիմել էի, որ այդ 13 ընտանիքներն ուսումնասիրեն: Իրենք չեն ուսումնասիրել: Հետո հարցում են արել քաղաքաշինության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ այդ 13 ընտանիքներին բնակարանները հատկացվել են մարզպետի միջնորդությամբ: Այսինքն` մի անգամ այս ընտանիքները դիմել են, քաղաքաշինության վարչության հանձնաժողովը մերժել է նրանց, հետո Արագածոտնի մարզպետը միջնորդել է, եւ նրանց ընդգրկել են բնակարան ստացողների ցուցակում»,- նշեց Արայիկ Սարդարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում Կառավարության միջոցներով վերանորոգված 4 հարկանի բնակելի շենքի 40 բնակարաններից 13-ը բնակիչներին հատկացվել են ապօրինի: Այս մասին մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում պնդեց Ծաղկահովիտի բնակիչ Արայիկ Սարդարյանը:
Նա կառավարությունից պահանջում է շենքում բնակարան հատկացնել նաեւ իր անապահով ընտանիքին, իսկ դատախազությունից` հարցաքննել 13 ընտանիքների անդամներին եւ բացահայտել ապօրինությունը:




























