Գյումրիի անօթեւաններին աջակցելու նպատակով ստեղծված SOS Gyumri նախաձեռնության շնորհիվ 22 ընտանիք բնակարան կունենա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նախաձեռնության հեղինակ, լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը` հավելելով, որ սա վերջնական թիվը չէ:
«22 տուն կա ներկայիս դրությամբ` բոլոր տեղերը հաշվի առած: Crowdfunder-ում հավաքված գումարը դեռ չենք հանել, տեխնիկական հարցեր են առաջացել, հենց դրանք հաղթահարվեն, 22-ին կգումարվի եւս 3 տուն»,-ասաց նախաձեռնության հեղինակը:
Հայկ Բարսեղյանի խոսքով`տարբեր դրամահավաքների հանգանակություններից եւ նվիրատվություններից 9 բնակարանի գումար էր հավաքվել, իսկ «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանի խոստացված 2 բնակարանը դարձել է 13:
«10-ը բնակարան Սամվել Կարապետյանն է հատկացրել: Էլցանցերում ամենամյա կորպորատիվ պետք է լիներ, երգիչներին փող տալու տեղը, որոշեցին մագնիտոֆոն լսել, ու այդ գումարով մեկ բնակարան էլ գնել: Բացի դա 8000 աշխատողներից յուրաքանչյուրից 1000-ական դրամ են հավաքել, գնել եւս մի բնակարան: Եւ տնօրեններով իրենց միջոցներով եւս մեկը պետք է գնեն»,-ասաց Հայկ Բարսեղյանը:
Նշենք, որ SOS Gyumri նախաձեռնությունը նախատեսում էր մարտի 20-ին ավարտվող դրամահավաքի հասույթով 13 բնակարան գնել:
Դրամահավաքին անդրադարձել են միջազգային լրատվամիջոցները, աջակցություն է ցույց տվել Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը: Իսկ գյումրեցի հռչակավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը անօթեւաններին աջակցելու նպատակով Գյումրիի տնակային ավաններից մեկում փետրվարի 28-ին բարեգործական համերգ ունեցավ:





























