Հայերը երջանկությունը կապում են հիմնականում բարեկեցության հետ: Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով` սա հայերի էթնիկական տարրին ամենաբնորոշ առանձնահատկություններից է:

«Հոգեբանության տեսակետից` երջանկությունը հարաբերական երեւույթ է` կախված մարդու պահանջմունքներից: Հայերը սովորաբար այն նույնացնում են սոցիալական բարեկեցության հետ, բայց, իհարկե, միշտ չէ, որ բարեկեցությունը երջանկություն է բերում»,-  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աննա Բադալյանը:

Նրա խոսքով` հայերը երջանկության կարեւոր չափանիշ են համարում նաեւ ընտանիքի անդամների առողջությունը, ապահովությունը, երեխաների հետ կապված հաջողությունները:

«Ասում են` եթե ընտանիքում կինը, երջանիկ է, ուրեմն երջանիկ է նաեւ ամուսինը, երեխաները, եւ բոլորը: Սա շատ ճիշտ խոսք է: Պարզապես մեր խնդիրն այն է, որ մենք հաճախ մոռանում ենք մեզ` որպես տեսակ, մեր անձնական երջանկությունն ենք մոռանում»,- ասաց նա:

Չնայած սրան` հոգեբանը համոզված է, որ ստեղծագործող, արարող մարդը ոչ միայն ցանկացած մանրուքում երջանկություն է գտնում, այլեւ փոխանցում է դա շրջապատի մարդկանց:

«Ասում են, չէ, ընկերական շրջապատի հոգի, կամ ընտանիքի հոգի, որ մտնում է ու  լուսավորում, պայծառացնում բոլորին,  այդպիսի մարդիկ ցանկացած մանրուքում երջանկություն են գտնում, իրենք իրենց օրը լցնում սիրով ու երջանկությամբ: Այսինքն` եթե մենք ցանկանում ենք երջանիկ լինել, մենք լինում ենք»,- նշեց հոգեբանը: