«Յունիգրաֆ իքս»-ը պատասխանատվության կենթարկվի, եթե պարզվի, որ խախտել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Խնդրի կարգավորումն անհրաժեշտ է դիտարկել համապատասխան օրենսդրական փոփոխությունների դաշտում: Եղած օրենսդրության եւ միջոցների շրջանակում ձեռնարկում ենք բոլոր հնարավոր միջոցները ընթացիկ խնդիրները լուծելու համար»,- ասել է քաղաքապետը:

Նշենք, որ մարտի 10-ին կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ՀԿ-ն բացահայտել է դրանց վնասազերծմամբ եւ ստերիլիզացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կեղծիքը: Կենդանասերներն անասնաբուժանական կլինիկա են տեղափոխել «Յունիգրաֆ-Իքսի» բաց թողած 40 շներից 7-ին, վիրահատել եւ պարզել են, որ նրանք կամ ստերլիզացված չեն, կամ դա արվել է կոպիտ խախտումներով:

Ի դեպ, «Յունիգրաֆ-Իքսը» պարբերաբար քաղաքում բաց է թողնում որոշ քանակությամբ շներ՝ ցույց տալու համար, որ իրենք իսկապես ստերիլիզացնում են շներին: