ԱՄԷ-ի FlyDubai ավիաընկերության ղեկավարությունը մտադիր է Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Boeing 737-800 օդանավի զոհերի հարազատներին 20 հազարական դոլար վճարել: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին ասված է ավիափոխադրողի հրապարակած հայտարարությունում:
«Ներկայում մեր գլխավոր խնդիրն է պարզել աղետի զոհերի հարազատներին եւ նրանց հետ կապ հաստատել՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Մենք ընտանիքներին նյութական օգնության տրամադրման ծրագիր կիրականացնենք: Ենթադրվում է 20 հազար դոլար վճարել յուրաքանչյուր զոհվածի համար»,- նշել են ընկերությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնի Ռոստովում կործանված Boeing 737-800 օդանավն ապահովագրված է եղել 600 մլն դոլարի չափով:
FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 օդանավը կործանվել է մարտի 19-ին: Ինքնաթիռում 62 մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են: Ռոստովի մարզում մարտի 20-ին սգո օր է հայտարարված:
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ օդանավի ինքնագրիչ սարքերը Մոսկվա են տարվել: Դրանց գաղտնազերծմամբ կզբաղվեն ՌԴ մայրաքաղաքում, քանի որ Դոնի Ռոստովում անհրաժեշտ սարքավորումներ չկան:





























