«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր է Գյումրիի քաղաքապետի ընտրություններին իր թեկնածուին առաջադրի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կուսակցությունը շատ մեծ հավանականությամբ կմասնակցի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, եւ մենք հույս ունենք, որ այդ մասակցությունը կլինի պատշաճ եւ տպավորիչ»- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով` իրենց կուսակցությունն այժմ քննարկում է, թե ում են առաջադրելու սեպտեմբերին կայանալիք ընտրություններին. «Կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպությունը ինքը փակ գաղտնի քվեարկությամբ եւ քննարկումների արդյունքում որոշելու է, ով է ցուցակի առաջին համարում, ով է ցուցակի երկրորդ համարը եւ այդպես շարունակ: Ամեն ինչ որոշվելու է տեղում մեր ընդհանուր քաղաքական պրոցեսի շրջանակում»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր նորաստեղծ կուսակցության անդամների հետ այսօր Գյումրիում էր` ներկայացնելու իրենց առաջիկա ծրագրերն ու նպատակները:
































