Դոնի Ռոստովի օդանավակայանում ինքնաթիռի կործանման հետաքննությամբ զբաղվող մասնագետներին հաջողվել է վերստեղծել աղետի նախնական պատկերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ավիացիոն իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները:
Նախնական տեղեկություններով, ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից եւ երկրորդ պտույտն է կատարել: Սակայն հետո կրկին դադարեցրել է վայրէջքը եւ նորից պտտվել: «Շուրջ 900 մետր բարձրության վրա ավելի քան 400 կմ/ժ արագությամբ օդանավը գրեթե հորիզոնական՝ 60 աստիճան անկյամբ բախվել է թռիչքուղուն»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Նրա խոսքով, վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմաններում, սակայն կողային քամի չի եղել (ինչպես նախկինում հայտարարել էր Ռուսաստանի Հիդրոմետ կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդը):
Աղբյուրները հավելել են, որ թռիչքուղուն բախվելով՝ օդանավը պայթել եւ հրդեհվել է: Միաժամանակ, նրանց խոսքով, ավիաաղետի պատճառների մասին դեռեւս հայտնի չէ, եւ հետաքննությունը երկար կտեւի:
FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 օդանավը Դոնի Ռոստովի միջազգային օդանավակայանում կործանվել է մարտի 19-ին: Ավիաաղետի զոհ է դարձել 62 մարդ:





























