Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել ուղղափառությունը պաշտպանել «մարդու երկրպագության գլոբալ հերետիկոսությունից»:
«Այսօր մենք խոսում ենք մարդու երկրպագության գլոբալ հերետիկոսության մասին, որն Աստծուն հեռացնում է մարդու կյանքից: Գլոբալ մասշտաբով նման բան երբեք չի եղել: Եկեղեցին պետք է Ժամանակակից այդ հերետիկոսությունը հաղթահարելուն ուղղի իր պաշտպանության, խոսքի, մտքի ամբողջ ուժը»,- Փրկչի տաճարում մատուցած պատարագից հետո հայտարարել է պատրիարքը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա հիշեցրել է, որ ժամանակակից աշխարհում ճշմարտության ունիվերսալ չափանիշ են դարձել մարդն ու նրա իրավունքները, եւ «մարդու կյանքից, հասարակության կյանքից Աստծո հեղափոխական վտարում է սկսվել», եւ այդ շարժումը նախ նվաճել է Արեւմտյան Եվրոպան, Ամերիկան, այնուհետեւ նաեւ Ռուսաստանը:
«Այսօր նորանոր ուժով, մի ամբողջ մոլորակի մասշտաբով է զարգանում առանց Աստծո կյանքի այդ գաղափարը: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես են բազմաթիվ ծաղկող երկրներում ջանքեր գործադրում մարդու ցանկացած ընտրության իրավունքն օրենքով հաստատելու համար, այդ թվում՝ ամենամեղավոր, Աստծո խոսքին, սրբության հասկացությանը, Աստծո հասկացությանը հակասող»,- հայտարարել է պատրիարքը:




























