Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն (ՏԱՑ) աճել է 4.7 տոկոսով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

ԱՎԾ հրապարակած ցուցանիշների համաձայն՝ տվյալ ժամանակահատվածում արդյունաբերությունն աճել է 9.9 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2.5 տոկոսով, շինարարությունը՝ 2.1 տոկոսով, ծառայությունները` 9.8 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 7 տոկոսով:

Փոխարենը 2016-ի հունվար-փետրվարին մանրածախ առեւտուրը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ 1.8 տոկոսով, արտաքին առեւտուրը՝ 1.7 տոկոսով: Զզգալի աճել է արտահանումը՝ 23.6 տոկոսով, իսկ ներմուծումը շարունակում է անկումը՝ 12.2 տոկոսով:

Նշված ժամանակահատվածում սպառողական գները նվազել են 1,1 տոկոսով, մինչդեռ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.5 տոկոսով: Հատկանշական է, որ պետական հատվածում աշխատավարձերը նվազել են 0.4 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում աճել՝ 5.4 տոկոսով: