Ընտրատեղամասերում լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ դիտորդների թվի սահմանափակման հարցը դեռ քննարկվում է։ Հնարավոր է՝ Ընտրական օրենսգրքի նախագծի այդ դրույթը չընդունվի։ Այս մասին մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հարյուրավոր լրատվամիջոցներ կան։ «Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե նրանց ներկայացուցիչները դիտորդների եւ վստահված անձանց հետ նույն ընտրատեղամասում լինեն։ Նրանք չեն օգնի այդ գործընթացին։ Սակայն հարց է առաջանում, թե լրատվամիջոցների ներկայացուցիչներից ով ներկա կգտնվի ընտրատեղամասում»,- նշել է Թորոսյանը։

Պատգամավորը հավելել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է քննարկեն եւ լուծեն այց հարցը։ «Միգուցե լրատվամիջոցների ներկայացուցիչները հերթով մտնեն ընտրատեղամաս։ Այստեղ կարեւոր է ընտրությունների արդյունավետ անցկացումը»,- ասել է Թորոսյանը։