Անտառատնկման դարավոր  պատմություն ունեցող Հայաստանում անկախացումից հետո անտառածածկը զգալի փոփոխությունների ենթարկվեց, ինչի հետեւանքով, չնայած պահպանվեցին անտառածածկ տարածքները, սակայն տուժեց անտառների որակական կողմը: Այս մասին այսօր` մարտի 21-ին, ասուլիս ժամանակ ասաց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը:

«Անտառների տարածքը չի փոփոխվել,  բայց ինչ է կատարվում անտառի ներսում, դա է խնդիրը: Հատկապես 1990-ականներին մեծ թվով հատումներ իրականացվեցին, 2000-ականներին որոշակի վերաճ գրանցվեց, ստացվեց` որ մենք արտաքնապես անտառ ունենք, բայց բարձարժեք հաճարենու, սոճու, բնական ընկուզենու, կաղնու փոխարեն աճեցին տնտեսական ցածր արժեք ունեցող ծառատեսակներ»,- նշեց Հովիկ Սայադյանը:

Անտառապահպանման աշխատանքներում կարեւորելով հասարակության, մասնավորապես հայկական բնապահպանական ճակատի գործունեությունը, Հովիկ Սայադյանը նշեց, որ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ անել անտառի կառավարման գործընթացում:

 «Այժմ անտառներով զբաղվում են բազմաթիվ գերատեսչություններ: Ես հաճախ անտառների խնդիրները համեմատում եմ Սեւանա լճի հիմնախնդրի հետ: Ինչու Սեւանի խնդիրը մինչեւ այժմ չի լուծվում, որովհետեւ Սեւանա լճով զբաղվում են բոլորը եւ ոչ մեկը պատասխանատու չի:  Այդպես էլ անտառների դեպքում. շատերն են Հայաստանում զբաղվում անտառներով, բայց դժվար է այդ անորոշության մեջ իրականացնել արդյունավետ կառավարում»,- ասաց Հովիկ Սայադյանը: