«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում մեկնաբանել օրերս ԲՀԿ-ից հեռացած Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը, թե ԲՀԿ նախագահի նպատակն է քանդել կուսակցությունը:

«Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ է ասում կուսակցության հետ կապ չունեցող անձը: ԲՀԿ-ում նման մարդ  գոյություն չունի: Ինձ չի հետաքրքրում, ինչ ուզում է, թող անի, ինչ ուզում է, թող ասի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 21-ին աշխատանքի եւ սոցիալակաան հարցերի նախկին նախարար, օրեր առաջ ԲՀԿ-ից հեռացած Գեւորգ Պետրոսյանն ասել էր՝ Նաիրա Զոհրաբյանը հեռու է քաղաքականությունից, նա արդեն հասցրել է խայտառակել իրեն միջազգային կառույցներում, նրա նպատակն է քանդել կուսակցությունը, որն այժմ նույնիսկ գաղափարախոսություն չունի:

Նախկին նախարարը հայտնել էր, որ իր եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ խնդիրներն առաջացել են հենց առաջին օրերից, երբ ինքն առաջարկել է արտահերթ համագումարի օրակարգում ներառել կարեւորագույն հարցեր:

Հիշեցնենք, որ Ավանի ԲՀԿ տարածքային կառավարման խորհուրդը մարտի 12-ին որոշում էր կայացրել Գեւորգ Պետրոսյանին հեռացնել կուսակցության շարքերից:

Գեւորգ Պետրոսյանը 2010թ. Սոցապ նախարարի պաշտոնից հեռացվելուց հետո, լքել էր նաեւ ԲՀԿ շարքերը, հինգ տարի անց կրկին վերադարձել: Գեւորգ Պետրոսյանը սակայն, վերջին շրջանում ԲՀԿ-ին քննադատել էր սոցցանցերում: