Երեւանում արդեն իսկ էտվել է շուրջ 8000 ծառ: Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ առաջիկա համաքաղաքային ծառատունկի կազմակերպման նպատակով գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս հանձնարարել է խստորեն հետեւել, որպեսզի ծառատունկն իրականացվի բացառապես ոռոգելի տարածքներում եւ առավել արդյունավետ կազմակերպվեն ծառատունկի եւ շաբաթօրյակի աշխատանքները:

 «Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկերին ուշադրության կենտրոնում հիմնականում ծառատունկի աշխատանքներն են լինում, մինչդեռ ոչ պակաս կարեւոր է նաեւ շաբաթօրյակը: Ըստ այդմ, այս տարի ձեւավորեք 2 աշխատանքային խումբ, որոնք առանձին-առանձին կհամակարգեն աշխատանքները: Քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները, անշուշտ, ներգրավված կլինեն շաբաթօյակին եւ ծառատունկին: Արդեն ունենք նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների համագործակցության եւ մասնակցության առաջարկներ, ինչը ողջունելի է եւ հարկ է, որ այդ համագործակցությունը լինի առավելագույն արդյունավետ: Ուստի համաչափ տեղաբաշխեք ուժերը եւ ներգրավելով կոմունալ բոլոր ծառայություններին, նաեւ հատուկ ուշադրության կենտրոնում պահեք կենցաղային եւ շինարարական աղբի կուտակման քրոնիկ վայրերի մաքրման աշխատանքները»,- հանձնարարել է քաղաքապետը՝ հավելելով, որ պետք է հնարավորինս մեծ թվով քաղաքացիների, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչների ներգրավել ծառատունկի աշխատանքներին: