Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, շուկայահանված ձվի՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով` մարտի 18-ից մինչեւ ապրիլի 5-ը մայրաքաղաքում եւ հանրապետության բոլոր մարզերում կիրականացնվի ձվի դիտարկում՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:
Սուրբ Հարության տոնին կապակցությամբ ձվի սպառման ծավալների ավելացմանը զուգահեռ՝ Ծառայությունն ուշադրության կենտրոնում կպահի շուկան ամբողջությամբ՝ թե´ իրացման եւ թե´ արտադրության փուլերում: Ծառայության մասնագետներն այս օրերին կհետեւեն ձվի մակնշման առկայությանը, պիտանիության ժամկետների պահպանմանն ու պահման պայմանների ապահովմանը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մեկ այլ հրամանով, մարտի 21-ից սկսած` Գեղարքունիքի, Արմավիրի եւ Արարատի մարզերում գործող 24 տնտեսավարող սուբյեկտներում կիրականացվեն անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ եւ բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան եւ ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով:
Դիտարկումների եւ մշտադիտարկումների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվեն հանրությանը:


























