Տնտսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները կաթնամթերքի շուկայում ցույց են տվել, որ ոլորտի գրեթե բոլոր ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, կան գերիշխող դիրք գրավող ընկերություններ։ Այսօր Հանձնաժողովի որոշմամբ, գերիշխող դիրք գրավող բոլոր նորահայտ ընկերությունները գրանցվեցին հանձնաժողովի կենտրոնացված գրանցամատյանում։
«Պաստերիզացված եւ ստերիլիզացված (մանրեազերծված) կաթի» շուկայում գերիշխող դիրքում են «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Չանախ» ընկերությունները՝ գրավելով շուկայի 69,4 տոկոսը։
«Թթվասեր» ապրանքային շուկայում գերիշխող դիրք են գրավում «Դուստր Մարիաննա» եւ «Աշտարակ-Կաթ» ընկերությունները՝ միասին գրավելով շուկայի 85,1 տոկոսը։
«Պաղպաղակ» ապրանքային շուկայում նույնպես գերիշխող դիրք գրավող ընկերությունները երեքն են՝ «Թամարա», «Աշտարակ-Կաթ» եւ «Գրանդ Քենդի», որոնք միասին գրավում են շուկայի 67 տոկոսը։
Ի դեպ՝ մինչ այժմ վերոհիշյալ 3 ապրանքային շուկաներում գերիշխող դիրք էր գրավում միայն «Աշտարակ-Կաթը»։
«Մածուն» եւ «Քամած մածուն» ապրանքային շուկաներում եւս գերիշխող դիրք գրավողներ են ճանաչվել «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Չանախ» ընկերությունները՝ գրավելով շուկայի 74,4 տոկոսը։
«Յոգուրտ» ապրանքային շուկայում, որտեղ նախկինում բարձր կենտրոնացվածություն չէր գրանցվել, գերիշխող են ճանաչվել «Աշտարակ-Կաթ», «Արթ վայն» եւ «Բրենդ Լիդեր» ընկերությունները՝ գրավելով շուկայի 78,9 տոկոսը։
«Կեֆիր» ապրանքային շուկայում եւս նախկինում բարձր կենտրոնացվածություն չէր գրանցվել, սակայն հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են գերիշխող դիրք գրավող 3 ընկերություն՝ «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Բիո-Կաթ» (88,5 տոկոս)։
«Կաթնաշոռ» ապրանքային շուկայում եւս առաջին անգամ է գրանցվում գերիշխող դիրք գրավողներ՝ «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Չանախ», որոնք գրավում են այս շուկայի 86,8 տոկոսը։
Իսկ «Կաթնաշոռի պանրիկ» ապրանքային շուկայում հայտնաբերվել են գերիշխող դիրք գրավող 2 ընկերություն՝ «Դուստր Մարիաննա» եւ «Աշտարակ-Կաթ», որոնք գրավում են շուկայի 96,2 տոկոսը։





























