ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով  պարզվել են տարադրամի  փոխանակման կետի վրա մարտի 16-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մարտի 16-ին՝ ժամը 17։40-ին, ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի։

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավազակային հարձակմանը նախորդել է մեկ այլ հանցագործություն։ Նախնական քննության տվյալներով՝ Երեւանի բնակիչ, 1975 թվականին ծնված Ա.Մնացականյանը, ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցնելով ատրճանակ, դիմակ եւ կպչուն ժապավեն, 2016թ. մարտի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հերացի եւ Կորյուն փողոցների հատման խաչմերուկի մոտ կանգնեցրել է որպես տաքսի վարվող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան եւ վարորդին պատվիրել վարել այն Նոր Նորք վարչական շրջան: Հասնելով Նոր Նորքի «կրազների պարկ» տարածք՝ վարորդը Ա.Մնացականյանի խնդրանքով կանգնեցրել է մեքենան, որից հետո վերջինս, ատրճանակի գործադրման սպառնալիքով, պահանջել է, որ  նա անցնի մեքենայի հետնամաս, ապա կպչուն ժապավենով կապել է վարորդի ձեռքերն ու ոտքերը, փակել աչքերը, իսկ ինքը՝ նստել մեքենայի ղեկին:

Հասնելով Գայի պողոտա՝ Ա.Մնացականյանը հագել է դիմակը եւ ավտոմեքենայով մոտեցել Նոր Նորքի շուկային հարակից, անհատ ձեռնարկատեր Հ.Ասատրյանին պատկանող տարադրամի փոխանակման կետին: Իջնելով մեքենայից՝ դիմակավորված անձը, Հ.Ասատրյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով, պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով՝ վերջինիս սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ է արձակել նրա  ուղղությամբ։ Կրակոցների ձայները լսելով՝ փոխանակման կետին են մոտեցել  հարակից կրպակների աշխատակիցները, եւ դիմակավորված անձը, առանց գումար հափշտակելու, ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մարտի 21-ին Ա.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքիի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ավազակություն՝ զենքի գործադրմամբ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (մարդուն առեւանգելը՝  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի գործադրմամբ), 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: