Վայոց Ձորի Խաչիկ գյուղում այսօր` մարտի 21-ին, գայլի կողմից հարձակման ենթարկված 75-ամյա Ռոզա Հարությունյանի վիրահատությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Վիրահատությունը տեւել է 4 ժամ: Վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ եւ դիմածնոտային:

Հատուկ իմպլանտի միջոցով բժիշկներին հաջողվել է վերականգնել աջ այտոսկրի կոտրվածքը:

Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք եւս վնասված են եղել:

Աջ կողմի այտի եւ քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:

Նշենք, որ կինը գայլի հարձակման էր ենթարկվել այսօր վաղ առավոտյան իր տան մոտ: Նա ձեռքերի ու դեմքի վնասվածք ունի, դեմքի մի մասը, կարելի է ասել՝ չկա: