Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որ այսօր՝ մարտի 21-ին քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հրազդանի հանրակրթական դպրոցներ ու փորձել ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ:
«Ցավով արձանագրում ենք, որ նման պահվածքը հարիր չէ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցչին, միաժամանակ գնահատում ենք այն որպես փորձ՝ շեղելու ուսումնական հաստատությունների ամենօրյա աշխատանքային գործունեությունը եւ ներգրավելու դպրոցները նախընտրական գործունեության մեջ: Խիստ դատապարտում ենք նման, օրենքի հետ որեւէ աղերս չունեցող գործողություններն ու ակնկալում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության արձագանքն ու գնահատականը»,- ասված է հայտարարության մեջ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար ծիծաղելի է նման հայտարարությունը:
«Արամ Դանիելյանն, ավելի լավ է՝ դպրոցների ճանապարհները մաքրի: Խորհուրդ կտամ՝ զբաղվել իր անմիջական գործունեությամբ: Հետաքրքիր է՝ ում գումարներով են հետեւում, քաղաքապետարանը լրտեսական եւ հետախուզական ծառայություն չունի»,- ասաց նա:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր այցերի կապակցությամբ գրառում է արել Facebook-ում։ «Այսօր այցելել եմ Հրազդանի բոլոր 13 դպրոցներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել դպրոցների տնօրենների հետ։
Տնօրենների հետ քննարկել եմ դպրոցները ընտրական եւ քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճմշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։
Մի քանի օր առաջ նույն հարցը քննարկել եմ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ։
Նշեմ, որ Հրազդանի հանրակրթական բոլոր դպրոցների ղեկավարները համաձայնել են Ընտրական օրենսգրքի պահանջները անվերապահորեն կատարելու անհրաժեշտության մտքի հետ»,- գրել է նա։































