«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որի՝ Հրազդանի դպրոցներ այցելության լուսանկարներն է այսօր հրապարակել քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբը, կդիմի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգ Կուտոյանին: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը:

Նա պահանջում է, որ ԱԱԾ-ն պարզի՝ ովքեր են հետեւել իրեն եւ ինչու են դա արել գաղտնի, զինված են եղել այդ անձինք, թե ոչ, ում հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը, որդյոք Հրազդանում կամ Երեւանում իր տեղաշարժերին հետեւում են, եւ եթե այո՝ ովքեր են հետեւող անձինք, ում հանձնարարությամբ եւ ինչ նպատակով են դա իրականացնում:

Նշենք, որ Արամ Դանիելյանի ընտրական շտաբը հրապարակել էր լուսանկարներ ու հայտարարություն տարածել, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հրազդանի հանրակրթական դպրոցներ ու փորձել ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ: