Կլիմայի փոփոխությունը սպառնում է ֆրանսիայի խաղողի այգիներին, ասված է Nature Climate Change ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
Այգիների սեփականատերերը ստիպված են լինելու տեղափոխվել այլ շրջաններ կամ առհասարակ թողնել իրենց արհեստը։ 1980 թվականից Շամպանում, Բուրգունդիում եւ Բորդոյում կլիմայական պայմանները փոխվել են, ինչն ազդել է խաղողի բերքի վրա։ Նման եզրակացության են եկել Հարվարդի գիտնականները։
Առաջին հայացքից փոփոխություններն արմատական չեն, սակայն արդեն հիմա նկատելի է, որ, 1980 թվականի հետ համեմատ, բերքը 2 շաբաթ շուտ են սկսել հավաքել, հայտնում է BBC-ն։
Վերջին տարիներին գինեգործական շրջանները մի քանի անգամ ռեկորդային առատ բերք են ունեցել։ Սակայն եթե ջերմաստիճանը շարունակի աճել, դրան կհետեւեն պակաս բարենպաստ հետեւանքներ։
Բուրգունդիայում պինո նուար խաղողի տեսակը կամ Բորդոյում մերլո տեսակն արդեն չեն կարող այդքան հեշտությամբ հարմարվել կլիմայի փոփոխությանը։ Շարդոնեի համար լավագույն պայմանները Անգլիայի հարավում են։ Այդ շրջանը կդառնա նոր Շամպան, կարծում են գիտնականները։





























