ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մարտի 21-ին ստեղծվել է ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է մինչեւ սեպտեմբերի 10-ը մշակի եւ նախագահին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը NEWS.am-ի թղթակցի խնդրանքով անդրադարձել է ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը:

Պարոն Ղուլյան, Արցախի խորհրդարանում քննարկումներ են ընթանում Սահմանադրական բարեփոխումների շուրջ: Արդյոք երկրում Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Ձեր կարծիքով, որքանո՞վ է ճիշտ Արցախում կառավարման համակարգի փոփոխություն կատարելը:

Սահմանադրական բարեփոխումների թեման վաղուց է շրջանառվում Արցախի հանրային – քաղաքական շրջանակներում: Այլ բան է, որ կոնկրետ քննարկումները մեկնարկել են փետրվար ամսից: Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, ունենալով տարբեր տեսլականներ ու մոտեցումներ բարեփոխումների վերաբերյալ, հայտարարել են հնարավոր գործընթացում իրենց մասնակցության մասին:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, ապա պետք է հիմք ընդունել երկրի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների պատկերացումներն ապագա սահմանադրական կարգի, պետական կառավարման մոդելի մասին: Մի բան կարելի է համոզված ասել. Արցախի պետական կառավարման համակարգը չի կարող շատ հեռու լինել Հայաստանի Հանրապետությունում գործող պետական կառավարման մոդելից:

Կառավարման ո՞ր համակարգի կողմնակից եք Դուք:

Մեր անկախության քսանհինգ տարիներին Արցախում մի քանի անգամ կառավարման մոդելի փոփոխություններ են տեղի ունեցել: Պետական կառավարման համակարգն այն ոլորտներից է, որն անընդհատ կատարելագործման կարիք ունի: Այս առումով, պետք է կենտրոնանալ  ոչ այնքան կառավարման մոդելների մասին քննարկումների, որքան՝համակարգի արդյունավետության ու ճկունության հարցերի վրա: Արդեն ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձանաժողովի առաջնահերթ անելիքը հենց այդ հարցին պատասխանող հայեցակարգի մշակումը պետք է լինի՝ հիմնված այսօրվա հանրային-քաղաքական տրամադրություններում տիրապետող տեսակետների վրա: