Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները մանկական սննդի շուկայում բացահայտել են կենտրոնացվածության բարձր աստիճան։ Որոշ ընկերություններ կգրանցվեն գերիշխող դիրք ունեցողների կենտրոնացված գրանցամատյանում:
«Մայրական կաթին փոխարինող կերերի» ապրանքայի շուկայում տեղի է ունեցել գերիշխող դիրք գրավող սուբյեկտի փոփոխություն: Նշված շուկայում այժմ գերիշխող են ճանաչվել «Ալեքս Գրիգ», «Սլավեքս», «Նյու Ֆորս» ընկերությունները, որոնք գրավում են շուկայի 90.77 տոկոսը, նախկինում գրանցված «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ –ի փոխարեն: Նշենք, որ «Ալեքս Գրիգ» եւ «Սլավեքս» ընկերությունները պատկանում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։
«Մանկական շիլաներ» ապրանքային շուկայում գերիշխող դիրքում են «Սլավեքս», «Նյու Ֆորս» եւ «Բեյբի Սիմ» ընկերությունները, որոնք գրավում են շուկայի 83.68 տոկոսը:
«Մանկական խյուսեր (պյուրեներ)» ապրանքային շուկայում նախկինում միանձնյա գերիշխող դրիք գրավող «Ալեքս Գրիգ» ընկերությունն այսուհետ այդ հորիզոնականը կկիսի «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի հետ` միասին գրավելով շուկայի 99.53 տկոկսը: Վերջինս «Ալեքս Գրիգի» հետ փոխկապված ընկերություն է։
«Մանկական հյութեր» շուկայում նույնպես գերիշխող են ճանաչվել վերոհիշյալ երկու ընկերությունները` գրավելով շուկայի 100 տոկոսը: Նախկինում այս շուկայում գերիշխող դիրք էր գրավում «Սալեքս Գրուպ» ընկերությունը` 60.6 տոկոսով: Սակայն Ս. Ալեքսանյանի այդ ընկերությունը ինքնալուծարվել է։





























