Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է NEWS.am լրատվական գործակալության մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանի՝ Հայաստան- Բելառուս ընկերական խաղը լուսաբանելու հավատարմագրումը։
NEWS.am-ի հարցմանը ֆեդերացիայի մամուլի բաժինը, որը փաստացի համակարգում է ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը, մի պատասխան է գրել, ըստ որի «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՅՏ-ը կարող է մերժվել.
4.2.2.Եթե տվյալ Մեդիան եւ/կամ Մեդիայի ներկայացուցիչը իրենց հրապարակումներում, տեղեկատվական նյութերում եւ իրենց Մեդիա արտադրանքում օգտագործել եւ տարածել են ոչ ճիշտ, խեղաթյուրված, փաստերով չհիմնավորված, վարկաբեկող տեղեկություններ ֆուտբոլի, ազգային հավաքական թիմերի, ՀՖՖ-ի,ֆուտբոլային ընտանիքի միջոցառումների հետ կապված»:
Նույն կարգի հոդված 4-ի 4.3. կետի համաձայն «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԻ ինչպես տրամադրման, այնպես էլ մերժման վերջնական որոշումը պատկանում է բացառապես ՀՖՖ-ին»:
Փաստացի Արայիկ Մանուկյանի գրչին պատկանող այդ պատասխանում ոչ մի հստակություն չկա: Նա այդպես էլ հարկ չի համարել որեւէ կոնկրետ դեպք մատնանշել, թե որ հրապարակումներն է ոչ ճիշտ, խեղաթյուրված, փաստերով չհիմնավորված, վարկաբեկող տեղեկություններ համարում։ Ըստ էության, Արայիկ Մանուկյանն ու ֆեդերացիան ինքնիրավչություն են արել՝ սեփական քմահաճույքով մերժելով մեր լրագրողի հավատարմագրումը։
Նշենք, որ ՀՖՖ ներկայացուցչի պատասխանը ոչ միայն զավեշտալի, այլեւ անհասկանալի է։ Վերա Մարտիրոսյանը NEWS.am-ի կայքում հրապարակում է մեծամասամբ հարցազրույցներ: Երկարամյա լրագրող Մանուկյանը պիտի որ իմանար՝ հարցազրույցն այն ժանրն է, երբ լրագրողը հարցեր է տալիս, իսկ զրուցակիցը՝ պատասխանում: Լրագրողի խնդիրն է զրուցակցի խոսքն անխաթար հասցնել ընթերցողին:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արայիկ Մանուկյանը փորձել է «միջամտել» հացազրույցներին։ Նա 2015-ի մարտին «ՀՖՖ քարտուղարություն» ստորագրությամբ NEWS.am-ի խմբագրություն նամակ էր ուղարկել եւ «մեղադրել» Վերա Մարտիրոսյանին պրոֆեսիոնալ եւ բարեխիղճ լրագրության կանոնները խախտելու մեջ: Մինչդեռ, Վերա Մարտիրոսյանն ընդամենը հարցազրույց էր վերցրել «Հոֆֆենհայմի» մինչեւ 17 տարեկանների թիմի ֆուտբոլիստ Դավիթ Ղազարյանից, որը հայտնել էր, որ չի հրավիրվում Հայաստանի հավաքական եւ այդ պատճառով ընտրել է Ռուսաստանը։
Նշենք, որ Վերա Մարտիրոսյանի հավատարմագրման մերժումը հետեւել է Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցին, որտեղ ֆուտբոլիստը հայտնում էր հավաքականը լքելու մասին։ Նկատենք, որ հենց մեր կայքի միջոցով էր, որ հավաքականի 9 ֆուտբոլիստ հայտարարություն էին տարածել, որ իրենք չեն դավաճանել ազգային հավաքականին:
Ստացվում է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդականը, ինչպես նաեւ մամուլի բաժնի պատասխանատուն չարաշահում է իր իրավունքները եւ փորձում ճնշում գործադրել լրագրողի վրա՝ միայն իրենց հաճելի հոդվածներ հրապարակելու համար։
Ի դեպ, 2012-ի թվականի աշնանը, Արայիկ Մանուկյանը NEWS.am լրատվական գործակալության լրագրող Վերա Մարտիրոսյանին աշխատանք է առաջարկել Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի բաժնում: Լրագրողը մերժել է՝ պատճառաբանելով, որ իրեն ավելի հոգեհարազատ է ազատ ոճի ստեղծագործական աշխատանքը: Անցած չորս տարիներին Վերա Մարտիրոսյանը գործակալության միջոցներով ներկա է գտնվել հավաքականի արտագնա գրեթե բոլոր խաղերին, ինչպես նաեւ լուսաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լոնդոնից, Եվրոպայի Սուպերգավաթի խաղը, Իսպանական Լա լիգայի խաղը՝ Բարսելոնայի մասնակցությամբ, առաջիկայում էլ որպես հավատարմագրված լրագրող լուսաբանելու է Եվրո 2016-ը՝ Ֆրանսիայից:
Մեզ համար խիստ զարմանալի է, որ մարդը մի կողմից փորձում է դրամահավաքի միջոցով ստեղծել «The armenians/«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ, որտեղ ազատամիտ եւ տաղանդավոր լրագրողներին արտահայտվելու ազատության կտրվի, մյուս կողմից՝ ամեն կերպ խոչընդոտներ է հարուցում մարզական լրագրողների համար, եւ, անգամ, հարկ չի համարում հիմնավորել իր վարմունքը։





























