Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջի մեջ ճշմարիտ բաներ չի տեսնում:

«Ես դրա մեջ ճշմարիտ բաներ չեմ տեսնում, բայց դե թող առաջարկեն, մենք կփորձենք ինչ-որ ձեւով պատասխանել նաեւ այդ հարցերին»,- այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ իշխանությունները ցանկանում են վերջնական արդյունքում ունենալ այնպիսի ընտրական օրենսգիրք, որի վերաբերյալ որեւէ կողմից դժգոհություններ չեն լինի:

Անդրադառնալով փաստին, որ ընդդիմադիր ուժերն ընտրական օրենսգրքի շուրջ միասնական պլատֆորմ են ձեւավորում, ԱԺ նախագահը նշել է, որ եթե ընդդիմադիրները խնդիրներ են տեսնում, կարող են մարդկանց մեծ խումբ հավաքվել եւ ներկայացնել իշխանություններին:

Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում լրագրողների եւ դիտորդների թիվը 8-ով սահմանափակելու դրույթին, Գալուստ Սահակյանը համաձայնել է, որ այդ հարցն իրենց էլ է մտահոգում: «Հիմա 8 թիվն է գրված, որովհետեւ Հայաստանում այդպիսի ընտրատեղամաս չկա, որտեղ 30, 40 լրագրող տեղավորվի: Եթե լրագրողները ճիշտ տարբերակ առաջարկեն, բնականաբար, դա մեր կողմից կընդունվի»,-ընդգծել է Սահակյանն ու հավելել. «Հայաստանում որեւէ ընտրատեղամաս չկա, որտեղ 30, 40, 100 լրագրող կտեղավորվի: Եթե դուք նոր ինչ-որ մի բան ներկայացնեք, օրինակ՝ հերթականությամբ մտնելու որեւէ տարբերակ ունեք, բնականաբար, մեր կողմից կընդունվի»: