Ճիշտ կլիներ ստեղծել աշխատանքային խումբ, որը բաղկացած կլինի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից: Այս մասին մարտի 22-ին հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովում ԸՕ նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
Քաղաքական գործչի խոսքով, ԸՕ 240 էջանոց նախագիծը խմբագրման ու պարզեցման կարիք ունի: «Դրա համար էլ կարծում եմ ճիշտ կլիներ աշխատանքային խումբ ստեղծել ձեզ հետ աշխատելու համար»,- նշել է Սարգսյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով այդ առաջարկին, ասել է «Մենք ունենք մեր աշխատանքային խումբը: Բայց ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն: Եվ ձեզ կհրավիրենք ու ձեզ հետ միասին կաշխատենք»: Ինչ վերաբերում է ԸՕ նախագիծը խմբագրելուն, նա նկատել է. «Ես հաճույքով կանեի ամեն ինչ, որպեսզի նախագիծն ավելի պարզեցված լիներ»:





























