Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը համաձայն չէ, որ հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացող ուսանողները հետագայում Հանրապետական կուսակցությանն են անդամագրվում:
«Ուսանողներին մենք չենք ընտրում մեր ցանկությամբ, նրանք ընտրվում են իրենց փաստաթղթերով: Ուսանողները կամ անապահովության թերթիկ են բերել, կամ գերազանց առաջադիմություն ունեն, կամ սահմանամերձ շրջանի ուսանողներ են»,- այսօր՝ մարտի 22-ին, ԵՊԲՀ-ում ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնելու միջոցառմանը լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասաց Կարեն Ավագյանը:
Կարեն Ավագյանը լրագրողին հորդորեց նման մեկ օրինակ բերել. «Դուք չեք կարող ասել մի օրինակ: Եթե մեկ օրինակ ասեք, շատ շնորհակալ կլինեմ»:
Նշենք, որ հանրապետության բուհերի 794 ուսանողներ մարտի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցում են ստացել:




























