Կոտայքի մարզում հունվարի 1-ի դրությամբ ավելացել է անասնագլխաքանակը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյոնը:
Այցի սկզբին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են մարզի գյուղատնտեսության ներկա վիճակն, առաջիկա խնդիրները եւ իրականացվող ծրագրերը:
«Կոտայքի մարզի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին գրանցվել են լուրջ ձեռքբերումներ, մասնավորապես, հունվարի 1-ի դրությամբ ավելացել է անասնագլխաքանակը, խոշոր եղջերավոր կենդանիներինը` 1,7 տոկոսով, մանր եղջերավոր կենդանիներինը` մոտ 4,9 տոկոսով, խոզերինը՝ 41 տոկոսով: Մարզն արդեն ընդգրկվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ ծրագրի մեջ, եւ ես հուսով եմ, որ այս քայլով անասնապահության զարգացումը նոր թափ կստանա», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Ընդգծելով, որ Կոտայքի մարզից ծրագրի մեջ ընդգրկվել են 10 համայնքներ` նախարարը տեղեկացրել է, որ դրանցից 8-ում արդեն ստեղծվել են արոտօգտագործողների կոոպերատիվներ: Միաժամանակ վստահություն է հայտնել, որ այլ համայնքներ նույնպես ցանկություն կհայտնեն ընդգրկվել ՀԳՌԿՄ ծրագրում:
Նշելով, որ նախորդ տարիներին Կոտայքի մարզի հողային ռեսուրսները բավականին վատ էին օգտագործվում` նախարարը գոհունակությամբ հավելել է, որ 2015 թվականին առաջին անգամ մարզում շուրջ 1000 հեկտար ավել հող է մշակվել:
«Մարզն ունի շուրջ 37 700 հեկտար վարելահող, որից 45 տոկոսն է օգտագործվել անցյալ տարվա տվյալներով, այս տարի ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կհասնի 48-49 տոկոսի: Եթե աճը շարունակվի նման դինամիկ տեմպերով, մի քանի տարի հետո պատկերն ամբողջությամբ կփոխվի», – նշել է նախարարը:
Անդրադառնալով մարզում հացահատիկային մշակաբույսերի բերքատվությանը` Սերգո Կարապետյանը շեշտել է, որ այն դեռեւս շատ ցածր է, եւ եթե հանրապետական միջին ցուցանիշը կազմում է 33 ց/հա, ապա Կոտայքում այն ընդամենը 26,8 ց/հա է:
Իր խոսքում նախարարը շեշտել է նաեւ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նոր պտղատու այգիների հիմնման եւ ջերմոցային տնտեսությունների ընդլայնման կարեւորությունը: Միաժամանակ նախարարը հայտնել է, որ առաջիկայում մարզում նախատեսվում է կառուցել շուրջ 30 հեկտար ջերմոցներ:


























