ՔԿՀ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանի `բջջային հեռախոս պահելու համար իր նկատմամբ սահմանված վարչական տույժի բողոքարկումը պետք է առանց քննության թողնել: Այս մասին այսօր` մարտի 22-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն ներկայացրեց նա, որը դատարանը մերժեց: ՔԿՀ ներկայացուցչի խոսքով, Արթուր Մկրտչյանը ձեռք բերելով եւ օգտագործելով բջջային հեռախոսը, թույլ է տվել ՔԿՀ-ի ներքին կանոնակարգի խախտում եւ դրա հետեւանքով է վարչական տույժի է ենթարկվել:
Արմեն Պետրոսյանը նշեց, որ դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը պետք է բողոքարկվեր պատիժները կատարելու նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմիններին, որը չի արվել եւ այդ պատճառով էլ պետք է առանց քննության թողնվի:
«ՔԿՀ ներքին կանոնակարգի խախտում է եւ իր մոտ պահվող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը նա գիտակցելով է ձեռք բերել եւ օգտագործել: Արթուրը գիտակցել է, որ այն հայտնաբերելու դեպքում կենթարկվի կարգապահական տույժի: Ներքին կանոնակարգով արգելված իր եթե ձեռք է բերել, արդեն իսկ խախտում է եւ առաջին անգամ ենթարկվում է նկատողության, հետո պատժվում է»,-ասաց նա:
Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչն էլ նշեց, որ խուզարկության ժամանակ Արթուր Մկրտչյանն ինքնակամ, առձեռն հանձնել է բջջային հեռախոսը եւ ինքնակամ հանձնումը պետք է որպես մեղմացնող հանգամանք դիտվի, որին ի պատասխան ՔԿՀ ներկայացուցիչը նշեց, որ մինչ ներքին կանոնակարգի խախտում թույլ տալը, Արթուր Մկրտչյանը մի քանի անգամ այլ կարգապահական խախտումներ է թույլ տվել եւ այդ հետեւանքով էլ նկատողության չի ենթարկվել, այլ` վարչական տույժի:
«Իմ վստահորդին ասել են, որ եթե ինքնակամ հանձնի հեռախոսը, ապա կխուսափի պատասխանատվությունից: Արդեն 20 տարի պատիժը կրելուց հետո իմ պաշտպանյալը չի կարող իր վաղաժամկետ ազատման հարցը քննել, նա պետք է բջջային հեռախոս պահելու համար եւս հինգ տարի սպասի, սա անհամաչափ է: Այս հարցերին ակնկալում ենք, որ դատարանը սպառիչ գնահատական կտա»,-ասաց նա:
Դատական նիստը հետաձվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 25-ին:
Նշենք,որ ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանի նկատմամբ բջջային հեռախոս պահելու համար սահմանվել է վարչական տույժ եւ 5 տարով զրկվել է վաղաժամկետ ազատման իրավունքից:
Նշենք, որ Արթուրը, որ 19 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ մարտի 3-ին քրեակատարողական հիմնարկից դուրս էր եկել: Նա 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով 1997 թ. դատապարտվել է մահապատժի, որն այնուհետեւ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Արթուրը պնդում է, որ անմեղ է, ծառայակիցներին սպանել են իրեն անծանոթ մարդիկ, որոնք դեպքի օրը իր հետ եղել են մարտական հենակետում, որտեղ կատարվել է սպանությունը:




























