Կառավարությունը շարունակելու է աջակցել ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրին: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ընդգծելով, որ այս ծրագիրը վկայում է ՀՀ կառավարություն - ՀԵՀ արդյունավետ համագործակցության մասին՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ծրագրի շրջանակում նաեւ առանց մրցույթի ՀՀ սահմանամերձ համայնքներից 142 ուսանողի ուսման վարձի փոխհատուցումը եւ հորդորել երիտասարդներին արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները: Վարչապետը գոհունակություն է հայտնել 2011 թվականից իրականացվող ուսման վարձի փոխհատուցման ծրագրի ընթացքից եւ վստահեցրել, որ գործադիրը շարունակելու է աջակցել ծրագրի իրականացմանը: Հովիկ Աբրահամյանի  խոսքով՝ կառավարությունը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, անում է ամեն ինչ, որպեսզի արժանավոր բոլոր ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան գիտելիք ստանալ ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը: Վարչապետը կարեւորել է երիտասարդության ակտիվ մասնակցությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում եւ նշել, որ կառավարությունը բոլոր հարթակներում աջակցելու է ապագա սերունդին:

Նշենք, որ իր միջոցների հաշվին ՀԵՀ-ն ամբողջությամբ փոխհատուցում է նաեւ 2 եւ ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը: 2011 թ. ի վեր ՀԵՀ-ը տարբեր ծրագրերով փոխհատուցել է շուրջ 5000 ուսանողի ուսման վարձ: