Ընտրական օրենսգրքի նախագծի վեռրաբերյալ ընդդիմադիր ուժերի եւ ՀԿ-ների ներկայացրած 5 պահանջների հարցում իշխանությունը պատրաստ չէ ընդառաջ գնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Իրազեկ քաղաքացի միավորում» Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանը:

«ԱԺ-ում խորհրդարանական լսումներից չստացա տպավորություն, որ իշխանությունը պատրաստ է ընդառաջ գնալ այն հինգ պահանջին, որի շուրջ համախմբվել են 8 ՀԿ-ներ եւ 8 խորհրդարանական ուժեր»,-ասել է նա:

«Այս 5 առանցքային առաջարկի հետ կապված, որոնք որակապես կարող են փոխել ընտրությունների պատկերը, սրանց հետ կապված դեռեւս լսում ենք միայն հակափաստարկներ: Որեւէ առաջխաղացում չենք նկատում, ցավոք սրտի: Այլ կետերի հետ կապված քննարկում կա, ընթանում է, բայց դրանք առանցքային կետեր չեն»,-ասել է Իոանիսյանը:

«Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչը պնդեց, որ չնայած ներկայացված հակափաստարկներին` ամեն ինչ անելու են, որպեսզի անցնեն այդ առաջարկները: «Ամեն տեսակ լոբբինգ, հանրային կարծիքի ձեւավորում, միջազգային կազմակերպությունների ներգրավում, ինչ հնարավոր է անելու ենք, որպեսզի առաջխաղացում լինի այդ առաջարկների ընդունման հարցում»,-ասաց Դանիել Իոանիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 8 հասարակական կազմակերպություններ եւ 8 քաղաքական կուսակցություններ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ 5 պահանջներ են ներկայացրել: Խոսքը հետեւյալ պահանջների մասին է.

1. Ընտրողների կողմից ստորագրված եւ լրացված ցուցակների հրապարակում։

2. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարեւան Վրաստանում կատարված մոդելով: Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները եւ ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին:

3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով, բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։

4. Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկների հատկացման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը:

5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերեւացող թանաքով) կարգի ներդրում։