Որեւէ երաշխիք չկա, որ լավ Ընտրական օրենսգիրք ունենալուց հետո մենք կունենանք որակյալ ընտրություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

«Այն, ինչ հիմա արվում է, դա ընտրությունների ֆասադն է, այն մինիմալ պայմանները, որ ցանկացած երկիր, որը հավակնում է դառնալ ժողովրդավարական պետություն, պետք է անի: Խորհրդարանական լսումները զարգացած ժողովրդավարական երկրներում կարեւոր իրադարձություն են համարվում այն առումով, որ հանրության ձայնն այնուամենայնիվ հասնում է իշխանություններին եւ նրանք վերանայում են իրենց մոտեցումները: Այստեղ էլ առայժմ լսում են առաջարկները, բայց կփոխե՞ն արդյոք դրույթները, ցույց կտան ապագան»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ լավ Ընտրական օրենսգիրք ունենալը դեռ ժողովրդավարական ընտրություններ ունենալու երաշխիք չէ: «Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պարտադիր չէ որ ընտրական գործընթացի որակը բարձրացնի: Բոլոր առաջարկությունները հաշվի առնելուց հետո, լավ Ընտրական օրենսգիրք ունենալուց հետո ես որեւէ երաշխիք չունեմ, որ մենք կունենանք որակյալ ընտրություններ: Ամենեւին էլ օրենսգրքերը չեն եղել պատճառը, որ մեզ մոտ վատ ընտրություններ են եղել: Երբ որ բոլոր փաստաթղթերը պատրաստ են, մեզ մոտ սկսվում է այն փուլը, որը վճռորոշ դեր է կատարում. այն է, ինչպես բոլոր մեխանիզմները, վարչական լծակները, թաղային հեղինակություններին օգտագործելով կորզել ձայներ ու ցանկացած գնով հասնել հաղթանակի: Այս երկրորդ մասն է, որ միշտ կիրառվում է եւ որպես կանոն ընտրությունների վրա վճռորոշ ազդեցություն ունենում»,-ասաց նա:

Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ ընտրախախտումների մեծ մասը կապ չունի Ընտրական օրենսգրքի դրույթների հետ: Նա որպես օրինակ նշեց լրագրողների աշխատանքի խոչընդոտումը, որը բոլոր ընտրությունների ժամանակ տեղի է ունենում, բայց իշխանությունները դեռեւս չեն ցուցաբերել վճռականություն այդ խախտումները կանխելու ուղղությամբ: