«4+4+4» ձեւաչափից կախված կլինի Հայաստանում ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության վերականգնումը: Այդ մասին մարտի  22-ին Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումների ընթացքում հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն ասում է, թե այդ ձեւաչափը չպետք է որոշում կայացնող մարմին լինի: «Երկրորդ` ասում են, թե այդ ձեւաչափը միակը չպիտի լինի: Իսկ ո՞վ է ասել, թե այդպիսին պիտի լինի:   Բայց այդ ձեւաչափից կախված կլինի ընտրությունների հանդեպ ժողովրդի վստահության վերականգնումը:  Էժանագին հնարք է կիրառվել այն հասարակական կազմակերպությունների հետ կապված, որոնք միացել են  5 պահանջներին, որովհետեւ նրանք չէին ուզում թատերական շոուի մաս կազմել: Բայց մենք ուզում ենք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քաղաքական համաձայնության հասնել», - ասել է Լեւոն Զուրաբյանը: