Տարածքային ցուցակի ներմուծումն իրականում բարդ մեխանիզմ է, բայց դա մի մեխանիզմ է, որին պիտի ձգտի Հայաստանը: Այդ մասին մարտի  22-ին Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումների ընթացքում իր եզրափակիչ ելույթում  հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը: 

Եվ այս դեպքում, շարունակել է Հարությունյանը, Հայաստանի քաղաքական կուսակցությունները ոչ թե մարդ կուսակցություններ կլինեն, այլ կդառնան ժողովրդի շահերն արտահայտող քաղաքական մտքի կենտրոններ: «Եթե մենք 100 տոկոսանոց միասնական բաց կամ փակ (նշանակություն չունի) ընտրական ցուցակ ունենանք, մենք երեւանյան քաղաքականություն կունենանք: Մենք դա՞ ենք ուզում: Առանց այն էլ, մեր երկիրը շատ կենտրոնացած է, առանց այն էլ տնտեսական եւ մտավոր ներուժը կենտրոնացած է Երեւանում: Մենք ի՞նչ իրավունք ունենք անտեսել եւ չխթանել քաղաքական մտքի զարգացումը շրջաններում», - հարց է տվել Դավիթ Հարությունյանը: