Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքը մի քանի ժամ անցկացրել է Բրյուսելի օդանավակայանի տերմինալում` այս առավոտ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից առաջ: Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, նրա կինը եւ որդին օդանավակայանը լքել են պայթյունից մի քանի ժամ առաջ, գրում է ուկրաինական «Սեգոդնյա» պարբերականը:
«Երբ կարդացի այս ողբերգության մասին, արդեն գիտեի, որ նրանք հասցրել են թռչել, բայց անմիջապես մտածեցի այն զոհերի ազգականների եւ մտերիմների մասին, որոնք չէին կարողացել փրկվել: Սա սարսափելի ողբերգություն է եւ, ցավոք սրտի, երեւում է` վերջինը չէ: Ստիպված ենք արձանագրել, որ ի թիվս այլ պատճառբների, սա չափազանց մեծ բյուրոկրատականացման, անկազմակերպվածության եւ կոշտ որոշումներ ընդունելու անկարողության հետեւանք է», – իր կարծիքն է ներկայացրել Օդեսայի ՄՔՎ-ի ղեկավարը եւ Facebook-ում ցավակցություններ է հայտնել զոհվածների ազգականներին:





























