Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայում կալանավորված ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեեւին եւ Ալեքսանդր Ալեքսանդրովին փոխանակել Ռուսաստանում դատապարտված Նադեժդա Սավչենկոյի հետ: Այս մասին նա հայտարարել է Սավչենկոյի գործով դատավճռի հրապարակումից հետո:

«Ես պատրաստ եմ Ռուսաստանին փոխանցել Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի մասնակցելու համար մեր տարածքում ձերբակալված ռուսաստանցի երկու զինծառայողներին: Նրանց նկատմամբ դատավարությունը գտնվում է եզրափակիչ փուլում: Դրա ավարտից հետո պատրաստ եմ համապատասխան գործընթացների իրականացման միջոցով ապահովել Ռուսաստան նրանց մեկնումը»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ դա համապատասխանում է Մինսկի համաձայնությունների վեցերորդ կետին՝ բոլորին բոլորի հետ փոխանակելու մասին:

Ըստ ՏԱՍՍ-ի, Պորոշենկոն նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Սավչենկոյի դատավճռի արդարացիությունը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՌԴ Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը Սավչենկոյին մեղավոր է ճանաչել լրագրողներ Իգոր Կորնելյուկի եւ Անտոն Վոլոշինի սպանության մեջ, ինչպես նաեւ Ռուսաստանի սահմանն ապօրինի հատելու համար՝ դատապարտելով 22 տարվա ազատազրկման եւ 30 հազար ռուբլու չափով տուգանքի: