Բելգիայի ժողովուրդը պետք է համատեղ պատասխան տա մարտի 22-ի ահաբեկչություններին՝ հանգիստ եւ հստակ: Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Բելգիայի Ֆիլիպ թագավորը:
Ֆրանսիական Le Monde-ի փոխանցմամբ, թագավորն ուղերձում ասել է.
«Այսօր մեր երկիրը սուգի մեջ է: Մեզանից յուրաքանչյուրի համար մարտի 22-ը երբեք սովորական օր չի լինի: Կոտրված կյանքեր, խորը վերքեր, տառապանք ամբողջ երկրով մեկ:
Ես եւ կինս կիսում ենք ձեր ցավը, նրանց, ովքեր կորցրել են մտերիմներին եւ նրանց, ովքեր վիրավոր են:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում անվտանգության ուժերին եւ երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենք են օգնություն առաջարկում: Վտանգի առջեւ մենք կշարունակենք համատեղ պատասխան տալ՝ հստակ, հանգիստ եւ արժանապատվորեն»:





























